Ֆուտբոլասերը վարժվել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների յուրաքանչյուր տուր առնվազն մեկ անակնկալ պիտի մատուցի: Բնականաբար, բացառություն չէր և այս հերթականը, սակայն, կներեք, անակնկալ անակնկալի վրա հաշիվ կա:
ՆԱԽԱԲԱՆ ԿԱՄ ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՄԵՐ ՔՆԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՖԵՆՈՄԵՆԸ
Խոսքս տվյալ պարագայի համար մասնավորից էլ մասնավոր «Ղարաբաղ»-«Աթլետիկո» դիմակայությանն է վերաբերում: Չգիտեմ, թե այն ում վրա ինչ տպավորություն թողեց, բայց գոնե ես անզոր եղա չհիշելու, թե ինչպես տարիներ առաջ Մադրիդի «Աթլետիկոն» մի մարզազգեստ էր կրում, որի առաջնամասում հպարտորեն (հասկանալի է, թե ում համար հպարտորեն) գրված էր` «Ադրբեջան՝ կրակների երկիր»:
Դեռ այն ժամանակ եմ գրել, թե պետական մակարդակով կազմակերպված այդ գովազդի վրա տարիներ շարունակ ինչ կարգի գումարներ է ծախսել Ադրբեջանն այս արևի տակ ավելի շատ տեղ ունենալու համար: Այդ հոդվածում, բնականաբար, առաջնայինը ոչ թե նրանց նավթադոլարների նկատմամբ մեր գավառական մտածողության արտահայտություն-վկայություն քամահրանքն էր (սովորաբար որակումները հետևում են այն ժամանակ, երբ հասկանալի է, թե ինչի դունչն ինչին չի հասնում), այլ նրանց, թող որ հանցավոր, մտքի ճկունության, գործելաոճի մեջ դրած նպատակի հեռահարության նկատմամբ հիացքը, որոնց պտուղներն արդեն իսկ քաղում են Չեմպիոնների լիգայի խմբայինում ներկայացուցիչ ունենալով:
Հարցնելու պես կասեք՝ մե՞ծ բան է:
Պատասխանեմ՝ մեր ֆուտբոլ չունենալու պարագայում ոչ թե մեծ, այլ ավելի քան մեծ բան է:
Պայմանավորվում ենք՝ անհարկի միջամտություններով այլևս չխանգարել ու թողնել ասելիքս ավարտին հասցնել:
Գուցե ես խորապես սխալվում եմ՝ մտածելով, թե «Աթլետիկոյի» հետ «Ղարաբաղի» այս ոչ-ոքիից նավթաբույր է գալիս (թիմի անվան ընտրության դիպուկության մեջ, այնուամենայնիվ, պատշաճը մատուցենք սգալու, ողբալու նրանց կարողությանը), բայց որ այդ ոչ-ոքիով Ադրբեջանը պատմություն կերտեց՝ Չեմպիոնների լիգայում վաստակելով առաջին միավորը, ակումբային մակարդակով սա այդ երկրի արդեն երկրորդ նվաճումն է ֆուտբոլում, մինչդեռ մեր ֆուտբոլային տնտեսության գլուխն անցած ու ոլորտի իրենց չիմացությամբ տասնհինգ տարի այն համառ հետևողականությամբ բռնաբարողների պատճառով մենք այդ նույն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլն անգամ չենք կարողանում անցնել (ֆուտբոլ պիտի ունենանք, որ անցնենք), ու՜ր մնաց համարձակվենք երազել խմբայինում հանդես գալու մասին:
Չեմ ժխտում՝ Չեմպիոնների լիգայի խմբայինների նախաբան կոչվելու համար ասելիքս գուցե փոքր-ինչ երկար ստացվեց, բայց աղոտ հույսս այն է, որ «Ղարաբաղ» հայտնության ու դրանից պարտադրաբար հետևություն անելու մասով ֆուտբոլային տնտեսության մեր հանճարեղորեն «փայլուն» գլուխները գոնե այս նախաբանը կարդալու նեղություն կտան իրենց:
A ԽՈՒՄԲ
Նախօրեին Մոսկվայի «Սպարտակի» տոնած հաղթանակը թևավորել էր ռուսական ֆուտբոլի երկրպագուներին, աղոտ հույսեր ներշնչելով, որ նույնը կարող է անել և ԲԿՄԱ-ն: Սակայն «Բազելն» առարկայնորեն ապացուցեց, որ իրականություն դառնալու շանս ամեն երազանք չէ, որ ունի: Արտագնայում 2:0 հաշվով հաղթանակը շվեյցարացիներին վեց միավորով բարձրացրեց երկրորդ հորիզոնական, բանակայինները մնացին երեք միավորով ու` երրորդ տեղում:
Տնային խաղը «Բենֆիկայի» մեջ վերջապես միավոր ունենալու հույսեր պիտի որ արթնացրած լիներ, սակայն խմբայինում բացառապես հաղթական մրցելույթ ունեցող «Մանչեստր Յունայթեդն» էլ սպասվելիք խաղի առնչությամբ իր հաշվարկներն ուներ: Ճիշտ է, նախորդ հանդիպումների համեմատ այս մեկը գոլառատությամբ աչքի չընկավ (1:0), սակայն «կարմիր հրեշներին» բերեց երաշխավորված երեք միավոր՝ մյուսների համար ավելի անհասանելի դարձնելով խմբային բաղձալի առաջին հորիզոնականը:
B ԽՈՒՄԲ
Միանգամայն հասկանալի է՝ «Պարի Սեն Ժերմենը» (այն էլ իր ներկայիս կազմով) այն թիմը չէ, որ «Անդերլեխտը», հիմք ունենալով սեփական հարկի տակ հանդես գալու գործոնը, առաջին միավորը կամ միավորները վաստակելու հույսեր փայփայեր: Այստեղ բելգիացիների հիմնական խնդիրը թերևս հնարավորինս փոքր հաշվով պարտվելը պիտի լիներ, ինչն այդպես էլ չստացվեց: Ֆրանսիացիները հաղթել են 4:0 հաշվով՝ երեք խաղից հետո ձեռք բերելով ոչ միայն առավելագույն քանակի միավորներ, այլև խփած-բաց թողած գնդակների նախանձելի հարաբերակցություն՝ 12:0:
Հաղթական հանդիպում անցկացրեց և «Բավարիան»՝ հյուրընկալելիս երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով «Սելտիկին» ու միավորների թիվը վեցի հասցնելով: Թիմ Յուպ Հայնկեսի վերադարձով (նա մյունխենյան ակումբի պատմության մեջ ամենահաջողակ մարզիչն է) բավարացիները, ակնհայտ է, առանձնակի անհամբերությամբ են սպասում այն օրվան, երբ «Պարի Սեն Ժերմենին» կհյուրընկալեն իրենց հարկի տակ: Թե որքանո՞վ նրանց կհաջողվի կրկնել «Բարսելոնի» արածը (հիշենք փարիզյան 0։4 պարտությանը 6:1 նոկաուտով պատասխանելը) ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղինակավոր այս ակումբը պարտավոր է ճակատից սրբել ամոթի մրուրը, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի զգում:
C ԽՈՒՄԲ
«Չելսին» առաջին խաղակեսից հետո հանդերձարան կգնար երկու գնդակի առավելությամբ, եթե Կոլարովը չթրջեր հաշիվը: Այդ գո՞լն էր թևավորել «Ռոմային», թե՞ ընդմիջմանը իտալական «գայլերի» մարզիչը կարողացել էր իր սաների սիրտ տանող անհրաժեշտ բառերը գտնել, հստակ պատասխանելը դժվար է, բայց որ երկրորդ խաղակեսում «Ռոման» արմատապես բեկեց խաղը, բոլորիս աչքի առաջ էր. 0։2 հաշվով պարտությունը վերածել 3:2 հաշվով թեկուզ և ժամանակավոր հաղթանակի՝ հեշտ խնդիրներից չէ: Եվ, այնուամենայնիվ, հարկ է պատշաճը մատուցել նաև «ազնվականներին»: Նրանք կարողացան հավասարեցնել հաշիվն ու այդ դրամատիկ ընթացքով հանդիպումը բերել-հասցնել խաղաղ հանգրվան: Ոչ-ոքիի հասցրած գոլն Էդեն Ազարի երկրորդն էր այդ հանդիպումում։ Ի դեպ, դուբլի հեղինակ է դարձել նաև Էդին Ջեկոն:
Խմբի երկրորդ՝ «Ղարաբաղ»-«Աթլետիկո» դիմակայության (իսկ գուցե և վարպետորեն բեմականացված չդիմակայության) մասին նախաբանում խոսել ենք, կրկնելու հարկ չկա, իսկ եթե, այնուամենայնիվ, կա, ապա միայն ու միայն մեր ֆուտբոլի կտրվածքով՝ ցանկություն-պարտադրանքով, որ հնարավորինս արագ պարզվի՝ իրականում ո՞վ է (ովքե՞ր են) հայկական ֆուտբոլի ծոցում դրված դինամիտը՝ դավաճանության մեջ մեղադրված ֆուտբոլիստնե՞րը (նրանց անմեղության վարկածը մնում է ուժի մեջ, քանի որ մեղադրանքի ապացույցներ դեռևս չկան), թե՞ նրանց դավաճանության մեջ կասկածողները:
D ԽՈՒՄԲ
«Օլիմպիակոսի» հետ հանդիպումից հետո «Բարսելոնը» վաստակած միավորները հասցրեց իննի, ինչը, բնականաբար, նշանակում է խմբային առաջին հորիզոնական: Հանդիպումից երեք բան, թերևս, առանձնակի կարևորենք: Մեկն այն է, որ, եվրոպական խաղարկություններում Լիոնել Մեսին խփեց իր հարյուրերորդ գոլը, մյուսն այն է, որ օգտվելով սկսած հանդիպման որոշակի փուլից ունեցած իր թվային գերազանցությունից, «Օլիմպիակոսը» թրջեց հաշիվը՝ խաղի համար հաստատելով 3:1 վերջնական արդյունքը, իսկ երրորդն այն է, որ այս խաղում գտնվել է մեկը, որը հասցրել է գրավել թե՛ մրցակցի, թե՛ սեփական դարպասը: Դա հունական թիմը ներկայացնող Դիմիտրիոս Նիկոլաուն է՝ այս դիմակայության փաստացի միակ դուբլի հեղինակը:
Սպասվածից անհամեմատ լարված ստացվեց «Յուվենտուս»-«Սպորտինգ» դիմակայությունը: Իտալացիները կամային հաղթանակ են տոնել 2:1 հաշվով ու վեց միավորով տեղ զբաղեցրել երկրորդ հորիզոնականում:
E ԽՈՒՄԲ
«Սպարտա՞կն» էր «օզվերին» խմել, թե՞ «Սևիլիան» էր դոզայի տակ, դժվար է ասել, բայց որ 5:1-ը ստանդարտներից դուրս հաշիվ է այս թիմերի մրցակցության համար, թույլ տվեք չերկմտել:
Անպատշաճորեն խոշոր հաշիվ գրանցվեց նաև խմբային մյուս` «Մարիբոր»-«Լիվերպուլ» դիմակայությունում: «Մերսիսայդցիները» յոթ անգամ տանտերերին հարկադրեցին գնդակը հանել դարպասից` սեփականը թողնելով կուսական վիճակում: Այստեղ առաջին երկուսը հնգական միավոր ունեցող ռուսներն ու անգլիացիներն են, նրանց չորս միավորով հաջորդում է «Սևիլիան», որ փոխելու դեռ շատ բաներ կունենա այս խմբում:
G ԽՈՒՄԲ
Շնորհիվ Թոսունի դուբլի, «Բեշիկթաշը» «Մոնակոյից» բաժանվեց երեք միավոր վաստակած, թեպետ խաղասկիզբը մոնեգասկներին միանգամայն այլ բան էր խոստանում ի հաշիվ Ֆալկաոյի խփած գոլի: Արդյունքում թուրքերն ինը միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում են ու մոտակա երկու խաղում, եթե նույնիսկ նույնքան անգամ վրիպեն, նրանց լրջորեն ոչ ոք ու ոչինչ չի կարող սպառնալ:
Նախորդ տուրում «Մոնակոյին» տպավորիչ հաշվով պարտության մատնած «Պորտուն» չկարողացավ զարգացնել հաջողությունն ու «Լայպցիգին» նրա իսկ դաշտում զիջեց 2։3 հաշվով: Այս չափազանց ինտրիգային խմբում երեք տուրից հետո երկրորդ հորիզոնականում հայտնված գերմանացիների ունեցածը չորս միավոր է, «Պորտուինը»` երեք, «Մոնակոյինը»` մեկ, ու, չնայած այս ամենին, դժվար թե գտնվի մեկը, որը հաստատապես կարող է ասել, թե վերջնահաշվում որ մեկն է հայտնվելու ոչինչ չխոստացող չորրորդ հորիզոնականում:
F ԽՈՒՄԲ
«Մանչեստր Սիթի»-«Նապոլի» հանդիպումից հետո էլ անգլիական ակումբն ընթանում է հարյուրտոկոսանոց արդյունքով: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով, սակայն մի տեսակ կիսատվածության տպավորություն մնաց այդ դիմակայությունից, ու թվում է, թե այն հանդիպման վերջնական արդյունքը չէ:
«Սիթին» շատ հզոր սկսեց ու արդեն 13-րդ րոպեին առջևում էր երկու գնդակի առավելությամբ: Սակայն նրանց խաղում զարմացնողը ոչ թե այնքան արագ ձեռք բերած առավելությունն էր, այլ այն թեթևությունը, որը չէր կարող չգերել: Մի խոսքով՝ վիրտուոզների ուժով բեմադրված բալետ: Սակայն հետո նրանց մեջ ինչ-որ բան բեկվեց, ու կարծես դա էլ քիչ էր, զգացողություն էր, թե «Նապոլիի» դարպասը կախարդված է: Իտալացիները, հարկավ, հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցան, ու դրանց թվում էին երկու 11-մետրանոցները, որոնցից, ի դժբախտություն նրանց, կարողացան միայն մեկն արդյունավետ օգտագործել:
2:1 հաշիվ արձանագրվեց նաև «Ֆեյենորդ»-«Շախտյոր» մրցակցությունում: Տարբերությունն այն է, որ այստեղ հաղթող կողմը հյուրերն էին: Հաղթանակը ուկրաինացիների համար վեց միավորով տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում, ու բավականին տարօրինակ է ներկայանում «Նապոլիի» ընդամենը երրորդ հորիզոնականում գտնվելը, եթե չենք մոռանում, որ այն եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների միակ թիմն է, որը դեռևս չի ճաշակել պարտության դառնահամը:
H ԽՈՒՄԲ
Այս խմբի հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի, նույն 1:1 հաշվով: Հետաքրքրական է, որ միմյանց հետ մրցել են աղյուսակի վերին ու ստորին հորիզոնականներում հանգրվանածները, և, դիմակայությունների ելքով պայմանավորված, աղյուսակը փոփոխության չի ենթարկվել:
Իր հզորությամբ այստեղ առաջին պլանում, բնականաբար, «Ռեալ»-«Տոտենհեմ» մրցակությունն էր, և, անկեղծ լինենք, անհամեմատ հեղինակավոր «արքայականին» անգլիացիներն արժանապատիվ դիմադրություն ցույց տվեցին: Համենայն դեպս, Մադրիդից միավոր վաստակած հեռանալը կատակ բան չէ:
Երկրորդ խաղի առնչությամբ խոսելն անհամեմատ դժվար է, թեպետ, կարծես, պիտի հակառակը լիներ: Եվ, այնուամենայնիվ, պատշաճը մատուցենք դորտմունդցիներից միավոր խլած կիպրոսցիներին: Միջանկյալ նշենք, որ պարտությունից խուսափողները դորտմունդցիներն են եղել: Այստեղ մի բան է ակնհայտ` երրորդ հորիզոնականից վեր նայելը գերմանացիների համար չափազանց բարդ է լինելու, եթե չասենք` անհնարին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ